ԱՄՍՏԵՐԴԱՄԻ “ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՐՀԱՑՈՅՑԸ” 1695 Թ.
Մինչև 1990 թվականը այն կարծիքը կար, որ Ամստերդամի “Համատարած Աշխարհացոյցը” հայերեն հնագույն քարտեզն է: Բայց իրականությունն այլ է:
Հայերեն հնագույն քարտեզը մի 12 սանտիմետրանոց ձեռագիր և պարզ բոլորակ է, որը գտնվում է Մատենադարանի համար 1242 ժողովածուի մեջ: Սա հավանաբար պատկանում է 13-14 դարերին և պատկերում է երկրագունդը, ըստ արևմտյան T–O քարտեզագրության հիմունքների, որոնցից ներքևում տրված է մեկ օրինակ:
1 – ԵՎՐՈՊԱԿԱՆ TO ՏԵՍԱԿԻ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑ ՔԱՐՏԵԶ, 1110 թ.
Սա 1110 թ. անգլիական T-O տեսակի մի աշխարհացույց քարտեզ է, որը ցուցադրում է երեք ճանաչված մայր ցամաքները, Ասիան, Եվրոպան և և Աֆրիկան, ինչպես նաև և դրանց բաժանող ջրային տարածքները: Կենտրոնի կարմիրով նշված ջրային տարածքը Միջերկրականն է, դեպի ձախ` Դոն գետը իսկ դեպի աջ` Նեղոսը: Աշխարհի կենտրոնում տեղադրված է Երուսաղեմը, իսկ հյուսիսը քարտեզի ձախումն է գտվում: Արևելքը համարվում էր երկրային դրախտի գտնված վայրը` որտեղից նաև ծագում է արևը: Նման քարտեզները կոչվում են ուղղորդված վերն արևելքով:
2–ՀԱՅԿԱԿԱՆ TO ՏԵՍԱԿԻ ՔԱՐՏԵԶ, 13-14 դդ.
Վերը պատկերված հայերեն քարտեզն էլ հետևում է նույն T–O տեսակի քրիստոնեական քարտեզագրության օրենքներին և չնայած, որ սա ներկայում մեր պատկերացրած քարտեզներին նման չէ, բայց և այնպես հանդիսանում է հնագույն հայատառ ձեռագիր քարտեզը: Այստեղ կարելի է պարզ տեսնել T–O տեսակի քարտեզների կառուցվածքը` Երուսաղեմը կենտրոնում, իսկ աշխարհը բաժանված երեք մայր ցամաքների: Բիբլիական Կարմիր ծովը ներկված է կարմիր գույնով, որի վրա նաև տեսանելի է ծովի այն ճեղքվածքը, որը տարագիր հրեաներին ճանապարհ տվեց Եգիպտական աքսորից վերադառնալ Պաղեստին:
3–ՔՅՈՄՈՒՐՃՅԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԸ, 1691թ.
Հնագույն այս հայերեն քարտեզից շուրջ երեք դար ընդմիջումով ունենք Բոլոնիայի համալսարանի գրադարանում` 1990 թվականին գտնված 1691 թվակիր հայերեն ձեռագիր մի այլ քարտեզ, պատրաստված Պոլսում` Երեմիա Չելեբի Քյոմուրճյանի ձեռքով: Սա ամբողջովին հակապատկերն է հայերեն առաջին պարզ աշխարհացույց քարտեզի: Բոլոնիայի քարտեզը 120×320 սմ չափերով մի քարտեզ է, ուր ներկայացված են հայկական կարևոր եկեղեցիներն ու վանքերը, որոնք գտնվում են ամբողջ պատմական Հայաստանի և նույնիսկ հարակից երկրների տարածքներում` սկսած Արցախից, մինչև Կոստանդնուպոլիս ու Երուսաղեմ: Քարտեզը նաև պարունակում է մանրամաս բացատրություններ նշված վանքերի ու եկեղեցիների վերաբերյալ:
Ներքևի պատկերում կարելի է տեսնել այս քարտեզից մի հատված, ուր պատկերված են Սևանա կղզին ու վանքը, Արագածն իր չորս գագաթներով և սրանց հարակից այլ եկեղեցիներ ու վանքեր:
Այս երկու քարտեզներից հետո գալիս է Ամստերդամի Աշխարհացույցը` տպագրված 1695 թվականին, որը չնայած հնագույն հայկական քարտեզը չէ, բայց ունի հույժ կարևոր դեր մեր քարտեզագրական ասպարեզում: Սա, իրականում հայերեն հնագույն տպագիր աշխարհացույցն է, պատրաստված բարձր ճաշակով, արևմտյան քարտեզագրական ոճով ու կերպարանքով, որոնք գործածվում են մինչև օրս: Քարտեզը կարելի է համարել ժամանակի լավագույն և ամենաարդիական քարտեզներից մեկը:
“Համատարած Աշխարհացոյց” քարտեզի տեսքն ամբողջովին համապատասխանում է մեր ներկայի քարտեզի հասկացողությանը և որը մեր քարտեզագրության մեջ առաջին անգամ լինելով, ունի մեզ հանրածանոթ քարտեզի տեսք:
Մի քանի խոսք քարտեզի հեղինակների` Վանանդեցիների մասին:
Նախիջևանի Գողթն գավառի Վանանդ գյուղում 1610 թվականներին ծնված Թովմա Եպիսկոպոս Վանանդեցին, իր քեռորդու, Մատթեոս Հովհաննիսյանի հետ ճամբորդել էր Եվրոպա, ուր Մատթեոսը Ոսկան Երևանցու մոտ սկսել էր սովորել տպագրական արվեստը: Եկար ընդմիջումից հետո, հավանբար 1693 թվականին, Թովման` Մատթեոսի հորդորանքներով Իտալիայում կրթություն ստացած իր եղբոր որդիների` Ղուկաս և Միքայել Նուրիջանյանների հետ վերադառնում է Եվրոպա, այս ամգամ Ամստերդամում հայերեն տպարան հիմնելու նպատակով: Նորաստեղծ տպարանի արտոնատերն էր Թովմա Վանանդեցին, վարպետ գրաշարն էր Մատթեոս Հովհաննիսյանը, իսկ խմբագրող և սրբագրիչն էին Թովմայի եղբոր որդիները` Ղուկաս և Միքայել Նուրիջանյանները:
4 –“ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՐՀԱՑՈՅՑ” ՔԱՐՏԵԶԸ, 1695 թ.
Հայերեն հնագույն տպագիր առաջին քարտեզը` այսինքն “Համատարած Աշխարհացոյց”ը այս տպարանի անդրանիկ աշխարհագրական տպագրությունն էր, որը հրատարակվեց Ամստերդամում, 1695 թվականին:
Քարտեզի պղնձյա տպագրական սալիկները փորագրելու պարտականությունը տրվել էր Հոլլանդիայի լավագույն մասնագետ քարտեզագիր և փորագրրող Սխոնեբեկ եղբայրներին, որոնց ճաշակն ու մանրակրկիտ աշխատանքն իսկապես դրսևորում է բարձր որակ և գեղեցիկ տեսք:
Քարտեզը տպագրված է 8 մասով, որոնց ընդհանուր` իրար միացած չափը 150×120 սանտիմետր է: Տպագրությունն արված է թղթի վրա, բայց ծալվելիս չվնասվելու համար քարեզի առանձին թերթերը փակցված են բարակ կտավին:
Քարտեզի վրա տպագրված են երկրագնդի ժամանակին ճանաչված երկու կիսագնդերը ներկայացնող երկու բոլորակները: Ձախումն է արևմտյան կիսագունդը` նոր աշխարհի ցամաքամասերով, իսկ աջում` արևելյանը՝ հին աշխարհը: Նկատելի է, որ Ավստրալիան, որն այստեղ կոչված է Նոր Հոլլանդիա, դեռ ամբողջովին հետազոտված և ուսումնասիրված չէ, հետևաբար ցուցադրված է անկատար: Նույնը վերաբերում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիս–արևմտյան շրջանին, ուր այսօրվա Ալյասկան է, ինչպես նաև Կանադայի հյուսիսային անհյուրընկալ մասերին, որոնք թողնված են անավարտ:
Կիսագնդերը շրջապատող տարածքում, ըստ հոլլանդական քարտեզագրական ժամանակակից դպրոցի, առկա են հավելյալ քարտեզագրական տեղեկություններ, ինչպես նաև պատկերված են տեսարաններ տարվա չորս եղանակներից ու այլ հավելյալ զարդարանքներ:
5 – ԳՈՒՍԻ ՀՈԼԼԱՆԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑ ՔԱՐՏԵԶԸ,1666 թ.
Գուսի քարտեզը ցույց է տալիս հոլլանդական մի այլ ժամանակակից Աշխարհացույց քարտեզ, տպագրված 1666 թվականին, ուր առկա են նույնանման սկզբունքները: Այս քարտեզի ներքևում` ձախից աջ, կարելի է տեսնել Գարուն, Ամառ, Աշուն և Ձմեռ ներկայացնող տեսարաններ: Իսկ ներքևի երկու անկյուններում` հյուսային և հարավային բևեռների բոլորակ քարտեզները, որոնք, ինչպես տեսաք նմանապես ներկա են “Համատարած Աշխարհացոյց”–ում:
6–ՍԵԼԼԵՐԻ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑ ՔԱՐՏԵԶԸ, 1675 թ.
Վերի քարտեզն էլ մեկ ուրիշ հոլլանդական աշխարհացույց քարտեզ է, հրատարակված 1675 թվակնին: Ինչպես տեսնում եք, այս երկու հոլանդական քարտեզների պարունակության և ներկայացման ձևերը շատ նման են իրար, ինչպես նաև մեր հայերեն “Համատարած Աշխարհացոյց”–ին, քանի որ դրանք բոլորը ներկայացնում են հոլլանդական ժամանակակից քարտեզագրական դպրոցի լավագույն նմուշները:
Աշխարհացույց քարտեզում, ինչպես նաև ցույց տրված հոլլանդական այլ քարտեզներում, ներկա են տարվա եղանակները`որոնց զարդարանքը ճոխացնելու նպատակով ավելացված են հունական դիցաբանական հերոսների պատկերներ և մոլորակների անուններ, հետևյալ կարգով:
Ա – Աջում` վերը”Գարնանայինք”: Այստեղ են Ֆաետոնը, Հրատը և Լուսաբերը:
Բ – Վերի ձախում – “Ամառնայինք”, ուր ներկա են Արտեմիսը, Հերան և մոլորակներից Երևակը, Փայլածուն ու Արուսյակը` այսինքն Լուսաբերը:
Գ – Վերը` հարավային բևեռի տակ – “Աշնանայինք”: Այստեղ պատկերված են պտուղներ ու գինու տիկ: Ներկա են Պոմոնան, Քլորինդան, Պանը և Բաքոսը:
Դ – Վերը, հարավային բևեռի աջում – “Ձմեռայինք”: Ներկայացված են Պոսեյդոնը, Թետիսը, հյուսիսային քամու աստված Բորեասը և այլն:
11 – ԱՇԽԱՐՀԱՑՈՅՑԻ ԲԵՎԵՌՆԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ
Աշխարհացույց քարտեզի ներքևի, կենտրոնական մասում տեղադրված են Հարավային և Հյուսիային բևեռների քարտեզները: Հյուսիսային բևեռը մասամբ գծված է, սակայն հարավայինը ամբողջովին դատարկ է, քանի որ այս աշխարհամասը դեռ հետազոտված չէր:
Հիշենք, որ հոլլանդական մյուս ժամանակակից քարտեզներում բևեռային շրջանների պատկերները ցուցադրվում էին համարյա նույն կերպով:
12 – ԱՇԽԱՐՀԱՑՈՅՑԻ ԱՍՏԵՂԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ
Քարտեզի վերի, կենտրոնական մասում պատկերված են հարավային և հյուսիային կիսագնդերից տեսանելի երկնակամարի և աստղերի ու համաստեղությունների քարտեզները, որոնք քարտեզը դարձնում են ոչ միայն աշխարհացույց, այլևս նաև աստեղացույց:
Նման աստեղային քարտեզներ առկա են նաև ժամանակակից բազմաթիվ հոլլանդական և այլ եվրոպական երկրներում պատրաստված քարտեզների մեջ:
13 – ԱՇԽԱՐՀԱՑՈՅՑԻ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Երկնակամարների քարտեզների ներքև ներկայացված է արեգակնային համակարգը, կամ ավելի ճիշտ կլինի ասել պտղոմեոսյան` այսպես կոչված երկրակենտրոն համակարգը, ուր երկիրը տեղադրված է տիեզերքի կենտրոնում, իսկ արեգակը պտտվում է երկրագնդի շուրջը:
Համակարգում կարելի է տեսնել հատևյալ երկնային մարմինները: Կենտրոնումն է Երկիրը, իսկ դրա շուրջը պտտվում են.
1 – Լուսինը
2 – Փայլածուն, (Mercury)
3 – Լուսաբերը, (Արուսյակ, Venus)
4 – Արեգակը
5 – Հրատը, (Mars)
6 – Լուսնթագը, (Jupiter)
7 – Երևակը, (Saturn)
Այսբոլորակի և կիսագնդերի ներքևում, բույսերի պսակով շրջապատված հիշատակարանի մեջ է տեղադրված է քարտեզի համառոտագրությունների բանալին և հետևյալ չափածո բացատրությունը, քարտեզի փորագրողների և թարգմանի վերաբերյալ:
Նորոք քանդակ գեղեցկավէպ հանրանշան
Փոխաբերեաց Թօմա յետնորդ ոստ Վանանդեան
……….
Փորագրութիւն յոյժ ցանկալի,
Ի ձեռն եղբայրց հարազատի
Ադրիանու Ըսկօնբէկի
Եւ Պետրոսի քաջավարժի
Ընդ Ղուկասու հըմտագունի
Երկամբք բազմօք յայտածողի
ղբօր որդի իմ անդրանկի
Պահեսցէ Էն յիւրում ծոցի
Յ Ամստերդամ,
1965.
Hadrianus et Petrus
Damianus Schonebeek,
Fratres faciebant
Amstelodami,
MDCXCV
15 – ՊԱՐՍԿԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄ,«Ջահան Բինե
Բևեռային բոլորակների տակ, քարտեզի ներքևի եզրի կենտրոնական մասում կարելի է տեսնել մի պարսկերեն գրություն: Այս գրությունը, որը նշում է “Ջահան բին”, նշանակում է “աշխարհը տեսնող”, որը քարտեզի անվանումն է, սակայն լինելով պարսկերեն, որևէ պատճառ չունի առկա լինելու Հոլլանդիայում հրատարակված այս հայերեն լեզվով տպագրված քարտեզի վրա:
Այստեղ առկա է մեկ ուրիշ վրիպում ևս: Պարսերենով գրված “Ջահան–բին”–ը փոխարինում է ավելի ընդհանրացած աշխարհացույցի պարսկերեն–թրքերեն անվանումին, այսինքն “Ջահան–Նյումա”–ին: Երկրորդը գործ է ածում օսմանցի աշխարհագրագետ Քյաթիբ Չելեբին և նրան հետևողներն ու շատ ուրիշներ: “Ջահան–բինը” միայն հասկանալի է պարսկերեն իմացողներին, հետևաբար կարող ենք եզրակացնել, որ հրատարակիչն ուզեցել է իր կապը նշել ավելի Պարսկաստանի հետ, և ո՛չ թե Թուրքիայի:
Սա հավանաբար առաջին անգամն է որ հայերեն տպագիր մի քարտեզ պարունակում է պարսկերեն որևէ բառ:
Ժամանակի հոլլանդական քարտեզագրության մեջ “զրո” միջօրեականն էր ընտրվում երևակայական “Երանելի կղզիներ”–ից անցնող միջօրեականը, որոնք իբր գտնվում էին Ատլանտյան Օվկիանոսում և միջնադարում համարվում էին աշխարհի արևմտյան ծայրամասը: Այս պայմանականությունը հաճախ տեսանելիէր նաև եվրոպական այլ քարտեզների մեջ: “Համատարած Աշխարհացոյցում” էլ “0” միջօրեականն է ընդրված Երանելի Կղզիները: Պետք է նաև նշել, որ տարբեր քարտեզագետներ իրենց “0” միջօրեականն ընտրում էին ըստ ցանկության` սկսած Կանարյան կղզիներից մինչև Փարիզ ու Սյուտա: Այս ազատ ընտրությունը տևեց մինչ այն, երբ 1884 թ. Վաշինգտոնում կայացած միջազգային Միջօրեականի համագումարը Լոնդոնի մոտակա Գրինուիչ քաղաքի աստղադիտարանով անցնող միջօրեականն ընտրեց որպես համաշխարհային քարտեզագրության “0” միջօրեականը:
Ինչպես տեսնում ենք Աշխարհացույցի և մյուս հոլլանդական քարտեզների նմանությունները բավականին բազում են, գալով փաստելու այն պարագան, որ հայկական քարտեզագրական ուրույն դպրոց չունենալու պատճառով, Թովմա Վանանդեցին խելացի և մտածված ծրագրելով վերցրել է ժամանակի ամենա–առաջատար քարտեզագրական դպրոցի, այսինքն հոլլանդական քարտեզագրության արդիական օրինակները և դրանց հիման վրա լավագույն վարպետների օժանդակությամբ պատրաստել ժամանակակից ոճով և ժամանակին ճանաչված աշխարհը ներկայացնող հայերեն մի բարձրորակ և կատարյալ քարտեզ:
16 – ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՑՈՅՑԻ ՄԵՋ
“Համատարած Աշխարհացոյց”–ի վրա պատկերված են Մեծ և Փոքր Հայքերն ու Հայաստանը: Քարտեզն այժմյան տեսակետից ճշգրիտ չէ, բայց 320 տարի առաջ ամենաարդիական քարտեզերն այպես էին պատկերում Հայաստանն ու նրան հարակից շրջանները: Պետք է նշել, որ Կասպից Ծովը մինչ այդ հետազոտված չէր, հետևաբար ցուցադրվում էր ավանդական ձվաձև տեսքով: Այս սխալ պատկերացումը շտկվեց միայն 1720-ական թթ., երբ Պետրոս Մեծ կայսրը կարգադրեց հետազոտել և չափագրել Կասպից Ծովի ափերը:
17 – ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐ
Այս երկու պատկերներում կարող ենք տեսնել Հայաստանի տարածքը ցուցադրող մի այլ հոլլանդական քարտեզ, պատրաստված 16 դարի մածագույն հոլլանդացի քարտեզագետ Աբրահամ Օրտելիուսի ձեռքով, և դրա վերևում տեղադրված “Համատարած Աշխարհացոյց”–ում պատկերված նույն տարածքը: Համեմատելով դրանց տեղանուններն ու տեղադրությունը կարելի է եզրակացնել, որ երկու քարտեզների տեղանուններն ու նրանց դրվածքները նույն սկզբնաղբյուրից են վերցված: Այստեղ նշված են Մեծ ու Փոքր Հայքերը, մի քանի հայկական քաղաքներ ու շրջաններ, ինչպիսին են Վանը, Ախթամարը, Սալմաստը, Արճեշը, Էրզրումը և այլն:
“Համատարած Աշխարհացոյց”–ի մատուցած մեծագույն ծառայությունը մեր քարտեզագրությանը, Հայաստանի շրջանից հեռու գտնվող տեղանունների տառադարձումն էր, որը հիմք է հանդիսացել 18-րդ դարի և նրան հաջորդող հայկական քարտեզագրական դպրոցի զարգացմանը և հաջողությանը:
18 – ՓՈՔՐ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑ, 1747 թ. Վենետիկ
1696 թվականին Վանանդեցինեը հրատարակել են մեկ ուրիշ, փոքրածավալ աշխարհացույց, որի օրինակը չի պահպանվել: Սրա տեսքը հավանաբար փոքր տարբերություններով, նման եղել է 1747 թ. Վենետիկում տպագրված և Հայկազյան բառարանի մեջ տեղ գտած փոքրադիր “Համատարած Աշխարհացոյց” անվանված քարտեզին:
Ցավոք, Ամստերդամի տպարանն իր գործունեությունը դադարեց 1717 թվականին, երբ Վանանդեցիները սնանկացան ու տպարանի գույքն անցավ պարտատերերին: Դրանից 34 տարի անց Սբ. Ղազար Միաբանության Հայր Զաքարիա Ալեքսանյանը Պոլսում` Պուռսալըօղլու Պողոս Աղայի այրու մոտ տեսնում է Աշխարհացույցի 8 պղնձյա սալիկները, որոնք կինը վաճառքի էր դրել 500 ոսկով: Երկար սակարկություններից հետո Զաքարիան գտնում է պետք եղած գումարը և տախտակները գնում է 220 ոսկով ու` 1753 թվականին տեղափոխում Վենետիկ:
Հաջորդ երկու տարիների ընթացքում տախտակները նորոգվում են ու այս անգամ արդեն Վենետիկում տպագրվում է շուրջ 30 օրինակ աշխարհացույց քարտեզ, որոնցից մեծ մասը վաճառվում է Կոստանդնուպոլսում` հիմնականում մինչև 1782 թվականը: Գինը` 6 ղուռուշ:
Ցավոք պղնձյա սալիկները Սուրբ Ղազարում անհետացել են, հավանաբար անուշադրության զոհ գնալով աշտարակում կատարված նորոգությունների և բարելավումների աշխատանքի ընթացքում:
Ամստերդամի հրատարակած Աշխարհացույցներից այսօր կարելի է հաշվել շուրջ 12 օրինակ, որոնք գտնվում են Էջմիածնի Վեհարանում, Մատենադարանում, Հայաստանի ազգային գրադարանում (2 օրինակ), Ակադեմիային կից Աշխարհագրական ընկերությունում, Նոր Ջուղայում, Երուսաղեմում, Փարիզի Ազգային գրադարանում, Բրիտնական գրադարանում, Ամստերդամում, Լայդենի համալսարանի գրադարնում և Թիֆլիսում:
Վենետիկում տպագրված Աշխարհացույցի օրինակներից երեքը պահպանված են Վենետիկում իսկ մեկը` Հայաստանի ազգային գրադրանում: Ուրիշ օրինակների մասին տեղեկություններ չկան:
19 – ԲԱՆԱԼԻ ՀԱՄԱՏԱՐԱԾԻ ԱՇԽԱՀՐԱՑՈՅՑԻ. 1696 թ.
1696 թվականին Թովմա Վանանդեցին` Մատթեոսի շարադրությամբ, Ամստերդամում հրատարակում է 30 էջանոց մի գրքույկ, որը կոչվում է “Բանալի Համատարածի Աշխարհացոյցին մերոց նորածնի”, կազմված հետևյալ գլուխներից.
Կոչ ընթերցողին
Նախերգութիւն:(Բացատրություններ Կենդանակերպի, միջօրեականների,
բևեռների ու այլ աշխարհագրական հիմունքների մասին):
Պրակ Ա. – Յաղագս հասարակածուին
Պրակ Բ. – Յաղագս կենդանակերպարանին
Պրակ Գ. – Յաղագս միջօրեայ գծին
Պրակ Դ. – Յաղագս երկուց արևադարձիցն
Պրակ Ե. – Յաղագս երկուց բևեռականանց
Պրակ Զ. – Յաղագս գօտեացն երկրի
Պրակ Է. – Յաղագս հանգիտաբացեից գծիցն և կլիմայիցն
Պրակ Ը. – Յաղագս աստիճանացն շրջանակաց համատարածի մերոյ
Աշխարհացուցի, երկայնութեան և լայնութեան տեղեաց
Պրակ Թ. – Յաղագս չափուց, զորս ի կէրարկանեն Աշխարհագետք
Պրակ Ժ. – Աղիւսակ հանգիտաբացեից, կլիմայից, երկայնութեան աւուր և
բարձրութեան բևեռին, կամ լայնութեան առաջնոյ Միջօրեին
20– ԲԱՆԱԼԻ–ԻՑ ԱՂՅՈՒՍԱԿ էջ 24-25
Գրքույկը բացատրում է քարտեզը կարդալու և հասկանալու օրենքներն
ու պայմանները և պարունակում է կարևոր տեղանունների աշխարհագրական տվյալների աղյուսակ:
Աղյուսակում մեծամասնաբար առկա են այն քաղաքների տվյալները, ուր ճամբորդում էին հայ առևտրականները, որոնց համար էլ կարևոր էին այստեղ տրված տեղեկությունները: Դրանց շարքին են Սպահանը, Շամախին, Միլանը, Կրակովը, Մօսկովը, Ըստօքոլմը, Արխանգիլը և այլն, որոնք ժամանակի կարևոր առևտրական կենտրոններից էին համարվում:
Ռուբեն Գալչյան
Սբ. Էջմիածին, հոկտեմբեր, 2010 թ.:
Զեկուցումը և հոդվածը ներկայացված են Էջմիածնի Հայկական Տպագրության Հիմնադրման 500-ամյակին նվիրված գիտաժողովում, 7-9 հոկտեմբեր, 2010 թ.:
RESUMEE
Until 190 it was believed that the oldest Armenian language map was the, “World Mirror” (Ashkharhatsuyts) printed in 1695 in Amsterdam but, in reality this was not the case, since the little T-O manuscript map drawn during the 13-14th centuries in Kaffa (Theodossia, Crimea) was the oldest map. However this hardly diminishes the importance of the 1695 map, which remains the first printed map in Armenian, of which only around 12 copies exist.
The article describes the work of its publishers and analyses the map, which depicts the two hemispheres and is drawn by utilising the latest cartographic information and ideas of the day. It is decorated as other contemporary ones in line with the Dutch cartographic traditions including mythological figures etc. The map includes polar and stellar maps as well as the depiction of the solar system and the small cartouche containing a short poem describing the mapmakers. All the information on the map is in Armenian, which makes it the pioneer in this field.
The article also discusses the miniature version of the map, printed in 1784, as well as the booklet –guide, which was printed with the map (1696), in order to assist the reader in understanding the information offered by the map.
The paper was presented in a conference in October 2010, held in Echmiadzin, Armenia , dedicated to Armenian printing.
Rouben Galichian
October 2010