ՀԱՅ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՒ 20-ՐԴ ԴԱՐԻ ԿԵՍԸ
Հայկական քարտեզագրությունն ու աշխարհագրությունը այնքան վաղեմություն չունեն ինչքան պատմագրությունը: Հայերենով հնագույն աշխարհագրական երկը միջնարդարյան “Աշխարհացոյցն” է, որը պարունակում է գրավոր բացատրություններ աշխարհի, տարբեր երկրների, և հատկապես Հայաստանի և հարակից երկրների մասին: Սակայն դրան կից չկա, կամ մեզ չի հասել որևէ քարտեզագրական փաստաթուղթ:
Հայերեն հնագույն քարտեզը դա մի փոքրիկ աշխարհացույց բոլորակ է, պատրաստված անանուն հեղինակի ձեռքով, հավանաբար Կաֆֆայում, որը պատրաստված է հետևելով Եվրոպայի կրոնական քարտեզագրական ընդունված կերպին, այսինքն` T-O տեսակի քարտեզներին, ուր բոլորակը ներկայացնում է աշխարհի սկավառակաձև տարածքը, շրջապատված դառը ջրերով: Սրա վերն արևելքն է և բոլորակի վերի կեսը ներկայացնում է Ասիան, ներքևում ձախ մասը Եվրոպան Է իսկ աջը` Աֆրիկան: Քարտեզը պատրաստված է ըստ արևմտա–եվրոպական կրոնական դոգմաների, աշխարհի կենտրոնում ունենալով Երուսաղեմը, իսկ աշխարհը շրջապատում է դառը ջրերով օվկիանոսը: Քարտեզն ունի մոտավորապես 12,5 սմ տրամագիծ:
Այս ձեռագիր քարտեզը պատրաստված է 13-14-րդ դդ. ընթացքում և տեղադրված է Մատենադարանի համար 1242 ձեռագիր ժողովածուի մեջ, 15-րդ դ., էջ 132ա:
Սրանից շուրջ 3 դար ընդմիջումով ունենք Բոլոնիայի համալսարանի գրադարանում 1990 թվականին գտնված «1691» թվակիր մի հայերեն ձեռագիր քարտեզ, պատրաստված Պոլսում` Երեմիա Չելեբի Քյոմուրճյանի ձեռքով: Այս անգամ քարտեզը շատ մեծ է և ունի 120×320 սմ չափ, ուր ներկայացված են բոլոր հայկական կարևոր եկեղեցիներն ու վանքերը, սկսած Արցախից, մինչև Պոլիս: Քարտեզը նաև պարունակում է մանրամաս բացատրություններ նշված կարևոր վանքերի ու եկեղեցիների մասին, հատկապես նրանց, որոնք գտնվում էին Օսմանյան կայսրության սահմաններում:
Քարտեզը պատրաստվել է իտալացի Կոմս Լուդովիգո Մարսիլիի պատվերով, որըը հասնելով Բոլոնիա թարգմանվել է գերմաներենի ու բնագիրը պարզապես լքվել է Բոլոնիայում ու մոռացության մատնվել:
Վերի պատկերը վերցված է Քյոմուրճյանի 1691 թ. քարտեզից, որը ցույց է տալիս ներկա Հայաստանի Հանրապետության տարածքի մեկ մասը: Քարտեզում վերն արևելքն է:
Այս երկու քարտեզներից հետո գալիս է առաջին հայատառ տպագիր քարտեզը, այսինքն 1695-ին Ամստերդամում հրատարակված “Համատարած Աշխարհացոյցը”, որը չնայած հնագույն հայկական քարտեզը չէ, սակայն առաջին հայերեն տպագիր քարտեզն է և ունի հույժ կարևոր դեր մեր քարտեզագրական ոլորտում: Սա, իրականում հայերեն հնագույն տպագիր աշխարհացույցն է, պատրաստված արևմտյան քարտեզագրական ոճով և կերպարանքով, որոնք հիմնականում գործածվում են մինչև օրս:
“Համատարած Աշխարհացոյցը”, որը տպագրվել է Ամստերդամում հիմնված Վանանդեցիների տպարանում, 1695 թվականին:
Քարտեզի վրա տպագրված են ժամանակին ճանաչված երկրագնդի երկու կիսագնդերը` բոլորակներով: Ձախումն է արևմտյան կիսագունդը նոր աշխարհի ցամաքամասերով, իսկ աջում` արևելյանը` հին աշխարհը: Նկատելի է, որ Ավստրալիան, որն այստեղ կոչված է Նոր Հոլլանդիա, դեռ ամբողջավին հետազոտված և ուսումնասիրված չէ, հետևաբար ցուցադրված է անկատար: Նույնը վերաբերում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիս–արևմտյան շրջանին, ուր այսօրվա Ալյասկան ու Կանդայի հյուսիսը թողնված են անավարտ:
Այս քարտեզի վերաբերյալ ավելի մանրամաս վերլուծություն կարող եք գտնել հեղինակի “Ամստերդամի Համատարած Աշխարհացոյց, 1695 թ.” հոդվածում:
1696 թվականին Թովմա Վանանդեցին` Մատթեոսի շարադրությամբ Ամստերդամում հրատարակվում է 30 էջանոց մի գրքույկ, որը կոչվում է «Բանալի Համատարածի Աշխարհացոյցին մերոց նորածնի», որն ուղեցույց է պատրաստված քարտեզն ուսումնասիրողի համար:
Իսկ 1747 թ. Վենետիկում լույս է տեսել Համատարած Աշխարհացոյցի պարզեցված և փոքրադիր տարբերակը, որի օրնակը պատկերված է ներքևում:
Համատարած Աշխարհացոյց, 1747 թ.
1751 թ. Վենետիկում լույս է տեսել պատմական հայաստանի քարտեզը, ըստ հին և նոր քարտեզագետների և աշխարհագրագետների, որը կարելի է համարել Շիրակացու “Աշխարհացույցի” բացակայող քարտեզին փոխարինողը:
1751 թ. Վենետիկում հրատարակված “Աշխարհացոյց Հայաստանեայց ըստ հին և նոր աշխահագրաց”:
1778 թ. Վենետիկի տպարանում տպագրվել է Հնդկաստանի Մադրաս քաղաքում Սուլթանյանի պատրաստած “Աշխարհացոյց Հայաստանեայց” մեծադիր և զարդարուն քարտեզը:
1784 թ. Վենետիկում լույս տեսած Միքայէլ Չամչեանցի “Պատմութիւն Հայոց” եռհատորյակի առաջին հատորում առկա է Հայաստանի շրջանը նշող մի փոքրադիր քարտեզ:
Չամչեանցի “Պատմութիւն Հայոց” գրքից Հայաստանի քարտեզը, 1784 թ.:
Հաջորդ տարիներին, 1784-1791 թթ. Վենետիկում լույս տեսան հետևյալ քարտեզները Համատարած Աշխարհացույց (քառակուսի քարտեզ, ըստ Մերկատորի պրյեկցիայի)
- Եւրոպա
Ափրիկէ
Ամերիկա
Ասիա
Լայնածաւալ Տերություն Օսմանցոյցն
Աշխարհացոյց տախտակ Սեաւ Ծովու և Շրջակայիցն
Աշխարհացոյց տախտակ Նեղուցին Կոստանդնուպօլսոյ
19-րդ դարում Վենետիկում հրատարակվել է շուրջ 15 քարտեզ, որոնցից ամենակարևորն է 1849 թ. Փարիզում փորագրված և Վենետիկում տպագրված “Աշխարհացույց պատկերաց ըստ Արքունի աշխարհագրաց Գաղղիոյ, Անգլիոյ, Գերմանիոյ և Ռուսաց” ատլասը, փորագրված Յովհանն Ամիրայ Տատեանի ծախսով: Ատլասն ունի տաս քարտեզ, որոնցից են արեգակնային համակարգը, մայր ցամաքները, Օսմանյան կայսրությունը և Հայաստանն ըստ Աշխարհացույցի մեծադիր քարտեզները, ներառյալ 46 էջ գրավոր տեքստ ու բացատրություն: Այս ատլասը իր գունավոր քարտեզների որակով և փորագրությամբ չի զիճում ժամանակակից եւրոպական ոչ մի ատլասի:
1849 թ. Վենետիկի Ատլասից պատմական Հայաստանի քարտեզը:
19-րդ դարում մեծ թվով քարտեզներ են պատրաստվել և հրատարակվել Վիեննայի Մխիթարյան միաբանության տպարանում, սկսելով եվրոպական մի քանի երկրների քարտեզներով, իսկ 1850 թ. այստեղ հրատրակվեց առաջին հայկական գունավոր գլոբուսը, որն ունի շուրջ 60 սմ տրամագիծ և տեղադրված էր փայտե եռոտանու վրա: Գլոբուսի հեղինակներն էին Արսէն Այտընեանը և Հ. Պալճեանը:
Վիեննայում պատրաստված հայերեն գլոբուսը, 1850 թ.:
19-րդ դարի կեսերին Վիեննայում նաև հրատարակվել են բնազմաթիվ քարտեզներ, որոնց մեջ կարևոր է 1860 թվականին լույս տեսած դպրոցական ատլասն իր 21 աշխարհացույց տախտակներով, պատրաստված Աստուածատուր Ավագեանի ձեռքով:
1860 թ. Վիեննական Ատլասից Հայաստանի քարտեզը:
1892 թ. Վանում աշխարհացույց քարտեզ է պատրատել Չիթճեանը, որը նա կոչել է “Հարթագունդ”:
Մինչև Հայաստանի խորհրդայնացումը Եվրոպայի տարբեր քաղաքներում, ինչպես օրինակ Բազելում, Բեռլինում, Փարիզում և Պոլսում հրատարակվել են հայերեն քարտեզներ, իսկ 19-րդ դարի կեսերին Ցարական Ռուսաստանում հայերի հրատարակած քարտեզներն ընդհանրապես ռուսերենով էին: Առաջին հայալեզու քարտեզներն սկսեցին հրատարակվել 1882 թ. հիմնականում Թիֆլիսում, ապա ինչև 1910 թ. դրանք հրատարակվել են մեծ մասը Թիֆլիսում` մի քանիսն էլ Բաքվում:
1904 թ. Ժենեվայի Հայ ուսանողների միությունը հրատարակել է Հ.Պ. Մանիսաչեանի պատրաստած “Հայաստան և Հարեւան երկրներ” կոճված մանրակրկիտ քարտեզը:
Մանասճեանի 1904 թ. Քարտեզը:
Թիֆլիսում Վարդանյանը 1910 թ. Հրատարակել է “Պատմական Հայաստան” կոչված քարտեզը, բաղկացած 6 մեծադիր մասերից, որոնցին ներքևում պատկերված է Արևելահայաստանի մեկ մասը:
Վարդանյանի Քարտեզի մեկ մասը, 910 թ. Թիֆլիս:
Քսաներորդ դարասկզբում հայերեն ձեռագիր քարտեզներ է պատրաստել վանեցի Մկրտիչ Խերանյանը, որոնցից մեծ մասը գծված են մեծ հոգատարությամբ և գեղեցիկ ներկայացված մետաքսի վրա: Սրանցից կարելի է ներքևում տեսնել Վանի և շրջակայքի քարտեզ 1913 թվականի քարտեզը:
Խերանյանի Վանի քարտեզը, գծված մետաքսի վրա:
Խորհրդային կարգերի ընթացքում հայկական քարտեզագրությունն ապրեց իր վերելքը: 1923-1940 թթ. Երևանում լույս է տեսել ավելի քան 90 բազմատեսակ հայերեն քարտեզ, որոնցից մեծ մասը վերաբերում են ՍՍՀՄ–ի տարածքին ու հանրապետություններին:
Ռուբեն Գալչյան, Երևան, 2015 թ.