ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուբեն Գալչյան
Երևան, 2008
Երրորդ հազարամյակն արդեն իսկ սկսվել է Եվրամիության դեպի արևելք տարածումով և նրա սահմաններն այժմ անցնելով Արևելյան Եվրոպայից, ներառնում են նախկին Խորհրդային Միության երկրներից մի քանիսը: Նույնիսկ Թուրքիան, որի տարածքի ավելի քան 97 տոկոսը գտնվում է մի աշխարհամասում, որի անվանումն է Փոքր Ասիա, ցանկություն է հայտնել միանալու Եվրամիությանը և եթե չլինեին մի շարք քաղաքական և տնտեսական խնդիրներ, հավանական է, որ նա արդեն իսկ այս միության անդամը լիներ:
Այսպիսով, Եվրոպայի սահմանները ընդլայնվում են դեպի արևելք և նրան սահմանակից են դառնում երկրներ ու ժողովուրդներ, որոնց պատմության ու աշխարհագրությունից անգամ կրթված եվրոպացիներն անտեղյակ են: Եվ եթե, օրերից մեկ օր, Թուրքիան դառնա Եվրամիության անդամ, այս «Մեծ Եվրոպային» սահմանակից կդառնան Սիրիան, Իրաքը, Իրանը, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը:
Եվրամիությունը 2003-ից սկսած, «Բարեկամ հարևաններ» ծրագրով նպատակ ունի անդամ երկրների ժողովուրդներին իրազեկ դարձնել իրենց նոր հարևանների մասին որին կարող է օգտակար լինել մեր «Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում: Հայաստան, Վրաստան և Ադրբեջան» աշխատությունը, պատրաստված հենց այս նպատակով, քանի որ եվրոպացի ընթերցողը, բացառությամբ հարավ– կովկասյան հարցերով զբաղվող փոքրաթիվ մասնագետների, դժվար թե որևէ տեղեկություն ունենա այս տարածաշրջանի երկրներից, նրանց միջնադարյան պատմությունից ու աշխարհագրությունից. երկրներ, որոնցից շատերն ավելի հին մշակույթի տեր են, քան եվրոպական երկրների մեծամասնությունը:
Աշխատությանս մեջ ի մի եմ բերել համաշխարհային ճանաչում ունեցող կարևորագույն քարտեզագրական աշխատությունները, պահպանված աշխարհի տարբեր երկրների գրադարաններում ու թանկարաններում, սրանց շարքին` արևմտյան մշակույթի բոլոր կարևոր և մատչելի աղբյուրներից, ինչպես նաև արաբական ու իսլամական քարտեզագրության ձեռագրերից, ասորական միակ միջնադարյան քարտեզ պարունակող ձեռագրից և վերջապես Երևանի Մատենադրանում գտնվող մի շարք ձեռագրերից:
Մատենադարանում հետազոտել եմ ավելի քան 100 աշխարհագրական, աստղագիտական, աստղաբաշխական և խառը նյութեր պարունակող ձեռագրեր, որոնց մեջ գտել եմ քարտեզանման գծագրեր ու պատկերներ: Բայց իրական քարտեզ պարունակող ձեռագրերի թիվը սակավ է, որոնցից մեծ մասը տեղ են գտել աշխատությանս մեջ:
02 – Վանանդեցու “Համատարած Աշխարհացոյց-“ը, 1695 թ., Ամստերդամ:
Ընհանրացած էր, որ հայկական հնագույն քարտեզը Վանանդեցու «Համատարած Աշխարհացոյց» քարտեզն է, տպագրված 1695 թվականին Ամստերդամ քաղաքում, որը եվրոպական աշխարհացույց մի քարտեզի հայերեն թարգմանությունն է և որից մեկ օրինակ առկա է Մատենդարանում:
Սակայն` երբ 1990 թվականին Գաբրիելլա Ուլուհոջյանը Իտալիայի Բոլոնիա քաղաքի համալսարանի գրապահեստում հայնտաբերեց Երեմիա Չելեբի Քյոմուրճյանի 1691 թվականին պատրաստած հայկական եկեղեցիների քարտեզը, այս նորահայտ քարտեզը դարձավ ճանաչվածներից հնագույնը, որն այս անգամ ձեռագիր էր:
03 – Քյոմուրճյանի հայկական եկեղեցիների և վանքերի քարտեզը, 1691 թ., Պոլիս:
Կարելի է ասել որ այս քարտեզը որևէ քարտեզագրական դպրոցի չի պատկանում և ունի իրեն յուրահատուկ ներկայացնելու ձևն ու ոճը:
Երբ խոսվել է հայերեն քարտեզների մասին չգիտես ինչու ընդհանրապես հաշվի չեն առնվել նաև ձեռագրերի մեջ պահպանված փոքրածավալ քարտեզները, որոնց նմուշներն առկա են Մատենադարանում: Մինչդեռ եվրոպական քարտեզագրության մեջ կարևոր հնագույն քարտեզներն ընդհարապես կարելի է գտնել պատմության կամ ժամանակագրության ձեռագրերում, մեծ մասամբ որպես հավելյալ ներդիրներ:
Օրինակ` Մատենադրանի համար 1780 ձեռագրում, որը բաղկացած է երկու հիմնական մասից, մեզ է հասել 1621 թվականին Յոհան Անկիւրացու լատիներենից թարգմանած Պետրոս Ապիանոսի «Տիեզերագիտություն» աշխատանքը, որը պարունակում է մի քանի հնագույն տարատեսակի քարտեզ: Սրանց մեջ են հինգերորդ դարի հռոմեացի փիլիոփա և գրող Ամբորզիոս Թեոդոսիոս Մակրոբիոսի գնդաձև երկրի և նրա եղանակային հինգ գոտիների բաժանված տեսակի մի քանի քարտեզներ:
Մակրոբիոսի Սատուռնալիա ձեռագրում պահպանվել է «Սկիպիոյի տեսիլքի մեկնաբանումը ըստ Կիկերոնի» աշխատանքը, ուր Սկիպիոյի մեծ հայրը թոռանը իբր բարձրացնում է երկինք և այնտեղից ներքև նայելով նրան բացատրում է երկրագնդի կազմվածքը և նրա տարբեր եղանակային գոտիների և բնակելի շրջանների բաժանումները:
Տե‘ս, տարբեր եղանակների գոտիները շերտավորում են երկրագունդը: Սրանցից երկու միմյանցից ամենահեռուներին, որոնք երկրագնդի հակառակ բևեռներում են գտնվում, տրվել է սառնամանիք և ցուրտ եղանակ, մինչդեռ կենտրոնական գոտին կիզված է արեգակի տաքից: Այս բևեռային և կենտրոնական գոտիների միջև գտնվող երկու գոտիներն են, որոնք բնակելի են…… Եթե նայես քո` հյուսիսային գոտուն, կնկատես թե համեմատած երկրագնդի ամբողջությանը սա ինչքան նեղ է ու փոքր: Քո գրաված տարածքը, քո հսկա կայսրությունը հավասար է մի փոքր կղզու, հարավից հյուսիս շատ նեղ և արևելքից արևմուտք մի քիչ ավելի լայն, շրջապատված ծովով, որը ճանաչված է որպես Ատլանտյանը: [1]
04 – Մակրոբիոսի Աշխարհացույց քարտեզը:
Ահա և Մակրոբիոսի վաղ հինգերորդ դարի լատինատառ քարտեզը, որը գտնվում է Օքսֆորդի Բոդլեյան գրադարանում: Անսովոր աչքը կարող է այս կարևոր քարտեզի վրայով անցնել, առանց նրան հատուկ ուշադրություն դարձնելու: Սա 11-րդ դարում Գերմանիայում գծված մի օրինակ է: Այստեղ հյուսիսային և հարավային շրջանները կոչված են “Frigida Australis” և “Frigida Septentorialis”, այսինքն «Հարավային սառուցյալ» և «Հյուսիսային սառուցյալ» գոտիներ: Կենտրոնական` հասարակածի գոտին կոչված է “Perusta”, «Կիզյալ», իսկ դրանց միջև ընկած գոտիները, որոնք բնակելի են, կոչված են “Temperata”, այսինքն «բարեխառն»:
Մատենադարանի համար 1780 ձեռագրում տեսնում ենք այս քարտեզի պարզեցված տեսակի մեկ օրկնակը, նույնանման բացատրություններով, որի վրա ավելացված է կենդանակերպ համաստեղությունների ծիրը:
05 – Մակրոբիոսի քարտեզից օգտվելով 1621 թ. պարտրաստված աշխարհի եղանակային գոտիների քարտեզը: Մատենադարան Ձեռ. 1780:
Ձեռագրում տեղ գտած քարտեզի այս տարբերակում հյուսիսային և հարավային գոտիները կոչված են «Ծոնա Սաստիկ» և «Ծոնա Ցրտեղեն»: Կենտրոնական` հասարակածի շուրջ գտնվող գոտին կոչվում է «Այրեցեալ գոտի». ինչպես նաև «Ծոնա Տաք»: Սրանք բոլորը կարելի է ուղղակի համեմատել Մակրոբիոսի քարտեզների հետ: Իսկ բնակելի գոտիներն այստեղ անվանված են «Բարեխառն հիւսիսային» և «Բարեխառն հարաւային»:
Ձեռագիրը պարունակում է նաև մեկ ուրիշ, հինգ եղանակային գոտիների բաժանված քարտեզ, ուր նույն նախկին քարտեզի բնակելի «բարեխառն» գոտիներն իրենք բաժանված են 9 եղանակային ենթագոտիների:
06 – Նույն ձեռագրից Մակրոբիոսյան բնակելի աշխարհի եղանակային գոտիների բաժանումը:
Սրանք, ըստ քարտեզի, «իւրաքնաչիւր կլիմաներուն տեղերն» են: Այս գոտիներն անվանված են իրենց սահմանների վրա գտնվող ճանաչված տեղանունների անվանումներով, հետևյալ հերթականությամբ:
1 – ի վերայ Մերոէսի – Մերոեն Նեղոսի ակունքի մոտ գտնվող շրջանն է
2 –ի վերայ Սիենեյի – Սիենեն Եգիպտոսի ներկայիս Ասուան քաղաքն է
3 – ի վերայ Աղեքսանդրու – Ալեքսանդրիայի
4 – ի վերայ Րոտոսու – Հռոդոս կղզին
5 – ի վերայ Հռոմայ
6 – ի վերայ Պոնտոսի
7 – ի վերայ Պորիսթենեսի – որը Դնեպր գետի անվանումն է
8 – ի վերա Րեփեոսի – Ռիփեյան լեռների վայրը շատ պարզ չէ: Սա կամ նշում է Վալդայի բլուրները կամ էլ Ուրալյան լեռնաշղթան:
9 – ի վերայ Դանիային – որը հավանաբար պետք է լինի Դակիա, որը շրջան է հյուսիսային Բալկանյան թերակղզում:
Նույն անուններն արտացոլված են նաև հարավային կիսագնդում:
Երկու վերոհիշյալ քարտեզները թարգմանությունն են հինգերորդ դարի մի քարտեզի և եթե նույնիսկ հաշվենք, որ դրանք 1520-ական թվականների լատիներեն աշխատության 1621 թվականի թարգմանություն են, նույնիսկ այդ դեպքում հիշված երկու քարտեզներն է‘լ ավելի հին են քան թե Բոլոնիայի հայերեն ձեռագիր քարտեզը:
Ավելի հին մի ձեռագիր, 1589 թվականի Մատենադարանի համար 1770-ը, պարունակում է Երուսաղեմ քաղաքի պլանը, որը նույնպես կարող է քարտեզ համարվել:
07 – Երուսաղեմի հատակագիծը, Մատենադարան Ձեռ. 1770, 1589 թ.:
Այստեղ պատկերված է շրջանաձև Երուսաղեմը, իր վեց դարպասներով ու դրանց անվանումներով: Այս հատակագիծը նման է արևմտա–եվրոպական միջնադարյան մի քանի աշխարհացույց քարտեզներում պատկերված Երուսաղեմի հատակա–գըծին` որոնցից են Հերեֆորդ քաղաքի “Mappa Mundi” 1290թ., “Vercelli” քարտեզը – 1218թ., “Ebstorf”քարտեզը, 1232թ. և այլ քարտեզներ:
Կուզենայի նյութից թեթևակի շեղվելով բերել մի օրինակ թե օտար պատմիչները ժամանակին ինչպե՞ս են արտահայտվել Հայաստանի մասին:
Մատթեոս Փարիզը (շուրջ 1200-1259 թթ.) բենեդիկտյան մի վանական էր, որն աշխատում էր Լոնդոնից հյուսիս գտնվող Ս. Ալբանի աբբայությունում, որտեղ նա 1235 թվականից մինչև իր մահը զբաղվում էր պատմական իրադարձությունների ժամանակագրության շարադրությունով: Այս ընթացքում նա պատրաստել է պատմական ժամանակագրության մի քանի ձեռագիր: Նրա կարևորագույն աշխատանքը Chronica Majora–ն է, «Մեծ Ժամանակագրությունը», ուր նա շարադրել է աշխարհի պատմությունը, սկզբից մինչև շարադրելու թվականը, 1259-ը: Այս աշխատությունից մեզ են հասել մի քանի քարտեզներ պարունակող ձեռագիր պատճեններ: Սա միջնադարյան Անգլիայում պատրաստված ամենակարևոր պատմական աղբյուրներից մեկն է, քանի որ հանդիսանում է նաև 13-րդ դարի Անգլիայի կյանքն ու կենցաղը նկարագրող մի մանրակրկիտ երկ: Այստեղ գրի են առնված նույնիսկ լոկ տեղական նշանակության դեպքեր ու բամբասանքներ, բնական աղետներ, առօրյա կյանքն իր քաղաքական խաղերով ու ինտրիգներով, նույնիսկ հեղինակի անձնական կարծիքը և քննադատական դիտողությունները դիվանագետների, թագավորի և այլ իշխանավորների գործունեության վերաբերյալ:
Մեծ ժամանակագրությունը պարունակում է մի շարք քարտեզներ, այդ թվում Սուրբ Երկրի քարտեզը, որը պատրաստված է ուխտավորին որոշ հիմնական տեղեկություններ տալու իր ուղևորության նպատակակետի վերաբերյալ:
Ձեռագրում կա մի ցուցակ ուր նշված են 1220–1259 թթ. աբբայություն այցելած անձերի անունները, որոնք ցուցակագրել են Մատթեոս Փարիզն ու Անդովերցի Ռոջերը: Արձանագրված 29 այցերից երկուսը հայ այցելուների մասին են: 1228 թվականին հայ եպիոսկոպոսն Անտիկենոսն այցելել է աբբայություն և վանականներին պատմել Հովսեփ Կարտափիլիացի թափառական հրեայի մասին: Հաջորդ համար 08 Պատկերը ցույց է տալիս գրքի լուսանցքը, ուր գրված տեքստը Հովսեփի Հայաստան գալու մասին է: Սրա ներքևի պատկերը Հովսեփն է, որը նայում է խաչը կրող Հիսուսին:
08- Մաթեոս Փարիզեցու գրքից մի պատկեր:
Ըստ նույն ցուցակի, 1252 թվականին մի խումբ հայեր այցելեցին Սուրբ Ալբանի աբբայություն և վանահայրերին փոխանցեցին տեղեկություններ Հայաստանի և Պաղեստինի` Սուրբ Երկրի վերաբերյալ:
Այս տեղեկությունները կարելի է տեսնել Մատթեոս Փարիզի Սուրբ Երկրի քարտեզների վրա արված մակագրություններում: Մատթեոսն իր տեքստում 1252 թվականի այս այցի վերաբերյալ շարադրում է. [2]
Այս ժամանակ մի քանի հայեր եկան Սուրբ Ալբան….. Նրանց դեմքի դժգույն մաշկը, երկար մորուսները և խստաբարո ապրելակերպը վկայում էին նրանց սրբությունն ու խիստ կարգապահությունը: [3]
10 – Հայաստանի և Արարատի բացատրությունները Փարիզեցու գրքից: Շուրջ 1259 թ.:
Այստեղ ցուցադրվածը Քեմբրիջում գտնվող Մատթեոս Փարիզի Մեծ ժամանակագրության ձեռագրից Պաղեստինի քարտեզի կեսն է: Երուսաղեմը և նրա հարակից շրջանները` մինչև Եգիպտոս, ցուցադրված են քարտեզի բացակայող կեսում: Քարտեզի գրությունները գրված են նորմանդական ֆրանսերենով: Քարտեզը հատուկ պատրաստվել է տվյալ ձեռագրի համար, քանի որ նրա մակագրությունները վերցված են ձեռագրի տեքստերից և կարող են դիտվել ոչ թե միմայն որպես ուղեցույց, այլ նաև որպես մի հանրագիտարան և տեղեկատու Սուրբ Երկիրն այցելող ուխտավորների համար:
Քարտեզում պատկերված է Նոյյան տապանը, նստած երկու գագաթանոց մի լեռան վրա, որը գտնվում է Հայաստանում (Ermenie) և որը միայն կարող է լինել Արարատը: Լեռան վերի մակագրության տեքստի թարգմանությունը հետևյալն է.
Այս շրջաններում, այսինքն հյուսիսում, Երուսաղեմից քսան օր հեռավորության վրա է Հայաստանը, որը քրիստոնյա [երկիր] է, ուր ջրհեղեղից հետո իջավ և մինչև հիմա այս անսանձ լեռան վրա նստած մնում է Նոյյան տապանը: Շրջակա անապատի և վայրագ գազանների պատճառով մարդն անկարող է նրան մոտենալ, և հանրահայտ է, որ այս երկիրը տարածվում է մինչև Հնդկաստան:
Վերադառնալով Մատենադարան, այստեղ, համար 1242 ձեռագրի մեջ, որը տարբեր նյութերի մի ժողովածու է, առկա է եվրոպական T-O դասին պատկանող մի հայերեն աշխարհացույց քարտեզ, որը միակ այս տեսակի միջնադարյան հայերեն աշխարհացույց քարտեզն է: Բայց նախքան այդ, մի քանի բառ T-O տեսակի քարտեզների մասին:
11 – Էքս-ան-Փրովանսի Մեժանի գրադարանի աշխարհացույցը, էթ-րդ դ.,
ուր առկա են Մեծ Հայքն ու Կիլիկիայի Հայլկական թագավորությունը:
Այս քարտեզները կոչվում են T-O, քանի որ այստեղ Օ տառը ներկայացնում է երկրագունդը, իսկ դրա մեջ տեղադրված T տառը, ջրային 3 տարածքներն են, որոնք երեք մայր ցամաքները բաժանում են իրարուց: Այս քարտեզներում արևելքը միշտ վերն է գտնվում, երկրային դրախտի մոտ, իսկ Երուսաղեմը նշվում է որպես աշխարհի կենտրոնը: Վերի օրինակը վերցված է Ֆրանսիայի Մեժան գարդարանի 12-իդ դարի մի ձեռագրից:
Ավելի մանրամասն տեղեկություններ է պարունակում հաջորդ T-O տեսակի քարտեզը, որը պարտաստվել է 11-րդ դարի Գերմանիայում: Այստեղ ցուցադրված է բնակելի աշխարհի հյուսիս արևելյան քառորդը, որի հյուսիսը գտնվում է ձախում: Նման քարտեզներում միշտ ներկա են Արարատը, Նոյյան տապանը և Հայաստանը: Այստեղ համար 2-ով նշված են հայկական լեռները կամ բարձրավանդակը, համար 3-ով Արարատը և համար 4-ով` Նոյյան տապանը:
12 – Մյունխենի քաղաքայի գրադարանի աշխարհացույցից, Կովկասի և Միջին արևելքի հատվածը,1050 թ:
1- Armenia superior- Մեծ կամ Վերին Հայք
2- Montes Armenie – Հայկական լեռներ կամ Հայկական Պար
3 – Ararat – Արարատն իր երկու գագաթներով
4 – Archa Noe – Նոյյան տապանը
5 – Porte Caspie- Կասպից Դարպասները, այստեղ` Դարյալի կիրճը
6 – Regio amazonii – Ամազոնուհիների բնակված տարածքը
7 – Hircania Superior – Վերին Հիրկանիա
8 – Albania Superior – Վերին Աղվանք
9 – Sarmatharia – Ռուսաստանի շրջան
10- Mons Caucasus – Կովկասյան լեռներ
11- Mons Taurus կամ Tauris – Տավրոսյան լեռներ
12- Tigris – Տիգրիս
13- Euphrates – Եփրատ
14- Araxis – Արաքս
15- Ganges – Գանգես
16- Indus – Ինդոս
17- Meotide paludes – Մեոտիսյան կամ Ազովյան ճահիճներ
18- Սև ծով
19- Mons Acroceraunis – Ակրոկերավնյան լեռներ
20- Mare Caspiu – Կասպից ծով
21- Միջերկրական ծով
13 – Մատենադարանի համար 1242, 13-14 դդ. ձեռագիր քարտեզը:
Վերադառնալով հայերեն քարտեզին, անանուն հայ հեղինակի կազմած այս քարտեզը միակ հայերեն T–O տեսակի քարտեզն է, որը տեղադրված է 15-րդ դարի մի ձեռագիր ժողովածուի մեջ, ուր դրա մասին որևէ այլ ակնարկ չկա:
Ինչպես այդ ժանրի բոլոր քարտեզներում` քարտեզն ուղղորդված է վերն արևելքով և պարզ T-O տեսակներից է, բայց պարունակում է հավելյալ տեղեկություններ: Բոլորակից դուրս նշված են քարտեզի աշխարհագրական ուղղությունները, երկրորդ շրջանի` օվկիանոսի սահմանի մոտ նշված են մի շարք երկրների անուններ, սրանց շարքին Ըռուզք, Պուլղարք, Ալամանք, Ֆրանքս և Սպանիա (Ռուսներ, Բուլղարներ, Գերմանացիներ, Ֆրանսիացիներ և Իսպանիա): Ավելի ներսով, կենտրոնին մոտ, նշված են կարևոր առևտրական քաղաքների ու կրոնական վայրերի անունները, օրինակ Վենեժիա, Բաղդատ, Դմշխ, Կոստանդնուպոլիս և Սքանդարիա (Վենետիկ, Բաղդադ, Դամասկոս, Կոստանդնուպոլիս և Ալեքսանդրիա):
Ինչպես միջնադարյան T-O տեսակի քարտեզների մեջ, այս քարտեզում ևս Երուսաղեմն իր վեց դարպասներով պատկերված է անհամեմատ մեծ և տեղադրված է քարտեզի ու աշխարհի կենտրոնում: Սրա շուրջը մակագրված է Բնակուի հին եւ նոր աւրինաց քաղաք ի[սրա]էլացոց որ է Երուսաղեմ: Այս հատակագիծը նման է քիչ առաջ նշված Երուսաղեմի 1589 թվականի հատակագծին, վերցված Մատենադրանի համար 1770 ձեռագրից: Սրանից բացի, քարտեզն ունի այլ կրոնական նյութերի պարունակություն, որոնցից են Սինական Լեառը Երուսաղեմի հարավ–արևելքում և Կարմիր ծովը` դրա հարավում: Իսկ Երուսաղեմի վերը կան այլ կրոնական նշանակություն ունեցող մակագրություններ:
Աշխարհը պատկերված է շրջապատված օվկիանոսով, որի վրա քարտեզի վերը` աջում, մակագրված է Համատարած ծովն որ պատէ զ երկիր(?)ս այս կերպիւս է, իսկ քարտեզի բոլորակի շուրջը կրկնվում է Ծով բառը: Երկու զուգահեռ գծերով նշված Միջերկրականը բաժանում է Աֆրիկան Եվրոպայից, որի վրա երեք տեղ մակագրված է ծով: Եվրոպայի և Ասիայի բաժանումը նշված է կարմիր գծով, որը պարզ չէ ի՞նչ է ներկայացնում: Միայն գծի հյուսիսային ծայրամասը հավանաբար ներկայացնում է Ասիան և Եվրոպայից բաժանող Տանայիս (Դոն) գետը: Եգեյան և Սև ծովերն այստեղ նշված են որպես Երուսաղեմից արևմուտք` Միջերկրականին միացող մի ծով, որը սկսում է Կիպրոսից և ներկայացված է սև գծով: Սրա հորիզոնական մասը Եգեյան ծովն է և Դարդանելի նեղուցը, ինչպես նաև Մարմարա ծովն ու Բոսֆորը, իսկ ուղղահայաց գիծը ներկայացնում է Սև ծովը, որը հասնում է մինչև T տառի ձախ թևը, Դոն գետը: Միջերկրականում առկա են չորս շրջանաձև կղզիներ, որոնցից միայն մեկը, Կիպրոսն անվանված է, իսկ մյուսները մնում են անանուն:
Միջերկրականի ձախում մակագրված է Այս կողմս Էրօպա և պատահական չէ, որ Եվրոպայում նշված են Վենետիկ ու Կոստանդնուպոլիս քաղաքները: Առաջինը հայ առևտրականների համար կարևոր մի նավահանգիստ էր, իսկ երկրորդը` Բյուզանդական կայսրության մայրաքաղաքն էր, կրոնական ու քաղաքական կարևոր մի կենտրոն:
Միջերկրականի աջում մակագրված է Այս կողմս Աֆրիկա: Այստեղ գծված է մի կարմիր շրջան, որի մեջ մակագրված է Փարաւոն և զորքն Եգիպտոսի: Շրջանի հարավում նշված է Սքանդարիա (Ալեքսանդրիա) իսկ բոլորակի աջ ծայրամասում նշված է Հապաշ (Եթովպիա): Կարմիր ծովը պատկերված է հատված կարմիր շրջանով և Ծով մակագրությամբ, իսկ բացվածքի ջնջված մակագրությունը նշում է Կարմիր ծովի բացվելը Մովսեսին ու իսրայելացիներին Եգիպտոսից ելքի ճանապարհ տալու համար (զծովն անց…..): Գլխիվայր գրվածքը նշում է Այս ծովիս անունն Նիլ [Նեղոս] ասեն:
Պետք է ասել, որ քարտեզում «Ծով» անվանումը տրվում է կարևոր ջրային տարածքներին, այսինքն ովկիանոսներին, ծովերին, լճերին ու գետերին` առանց նրանց մեջ որևէ խտրություն դնելու:
Քարտեզի մեծ մասը զբաղեցնում է Ասիան: Այստեղ` քարտեզի ձախից, Եվրոպայի սահմանում կարելի է տեսնել Ըռուզքը` Ռուսաստանը: Սրանից արևելք հերթականորեն շարված են Կաֆայ (Թեոդոսիայի իտալական անվանումը), ցամաք, Ազախ (Ազով), ցամաք, Սարայ,[4] ցամաք, Խորազմ և վերջում Կանսայհ (Չինաստանի կարևոր քաղաքներից): Բոլորակի արևելյան սահմանում նշված են Խայթայքը և Զայթունը, ապա գալիս են Աշխարհք հնդկացը և ի վերջո` Հնդկաստանը: Միջին դարերում «Հնդկաստան» տեղանունը հաճախ գործ էր ածվում Պարսկաստանից ու Առաջավոր ասիայից դեպի արևելք գտնվող երկրների համար, այնպես որ այստեղ էլ «Աշխարհք հնդկաց»ը կարող է նաև նշանակել Հնդկաստանից արևմուտք ու հյուսիս գտնվող երկրները, մինչդեռ Հնդկաստան մակագրությունը նշում է բուն Հնդկաստանը: Եվրոպայի և Չինաստանի միջև առկա բազմաթիվ տեղանունները փաստում են քարտեզի պատրաստման ժամանակ դրանց ունեցած կարևորությունը, որը կարող էր լինել արևելքի և արևմուտքի միջև զարգացող առևտրական կապերի բնագավառում, այսինքն Մետաքսի ճանապարհի հյուսիսային թևը: Հնարավոր է, որ քարտեզի հեղինակն առևտրականությամբ զբաղվող այս շրջաններից լինելով` իրազեկ է եղել դրանց մասին: Նա մեծ հավանականությամբ եղել է Կաֆայից (Թեոդոսիայից), որը 13-14-րդ դարերում Սև ծովի հյուսիսում գտնվող նաև հայ մատենագրության կենտրոններից էր:
Գալով Չինաստանի Զայթուն և Կանսայ քաղաքներին, այս անուններըը երևում է իբն–Բաթութայի և Մարկո Պոլոյի երկերի, ինչպես նաև կատալոնիացի քարտեզագետ Կրեսկի 1375 թվականի աշխարհացույց պորտոլան քարտեզի, ինչպես նաև իտալացի քարտեզագիր Ֆռա Մաուրոյի 1460 թվականի աշխարհացույց քարտեզներում: Այս քաղաքները իններորրդ դարից սկսած Չինաստանից արևմուտք նավարկող վաճառականների կարևորագույն նավահանգիստներից էին:
Չնայած որ քարտեզն ուսունասիրվել է Հովհաննես Հովհաննիսյանի և Մկրտիչ Խաչատրյանի կողմից, բայց նրանցից ոչ մեկը դրա կարևորությանը չի անդրադրձել:
Խաչատրյանն այս քարտեզի մասին իր գրած հոդվածում նույնիսկ տվել է իրականությանը հակասող տեղեկություններ ու մեկնաբանություններ:[5] Նա այս քարտեզը կոչում է ձվածիր ու հայտնում, որ քարտեզի ուղղահայաց և հորիզոնական տրամագծերը 98 և 101 մմ են: Առաջին հերթին պետք է ասել, որ քարտեզի արտաքին շրջանի տրամագիծը 125 մմ է, իսկ ներքին շրջանինը` 113-113.5 միլիմետր: Քարտեզը շրջանաձև է և ո՛չ ձվածիր: Որպես փաստ բոլորակի կենտրոնում կարելի է տեսնել շրջանը գծող կարկինի ասեղի բացած անցքը: Հետևաբար կարելի է եզրակացնել, որ Խաչատրյանը հավանաբար քարտեզը վերլուծել է առանց բնօրինակը տեսնելու…..
Քարտեզի պատրաստման ժամանակաշրջանի մասին էլ առկա են տարբեր կարծիքներ, Խաչատրյանը ասում է որ քարտեզը 1206 թվականին է պատրաստված, իսկ Հովհաննիսյանն այն կարծիքի է, որ սա պատրաստվել է 14-րդ դարի առաջին կեսին: Մոնղոլների «Ոսկե Հորդայի» մայրաքաղաք Սարայ–Բաթուն, որի անունն առկա է քարտեզում որպես Սարայ, հիմնադրվել է 1240-ականներին, իսկ Խաչատրյանը իր տեսությունը պաշտպանելու համար պնդում է որ այս անունը ո՛չ թե այդ քաղաքին է վերաբերում, այլ մի այլ աշխարհագրական վայրի, ինչպես օրինակ Կասպից ծովում գտնվող ենթադրական մի կղզու` Սարայի մասին խոսում է տասներեքերրորդ դարի ֆլամանդացի ճանապարհորդ Վիլլեմ դե Ռուբրուքը (1220-1293 թթ.), որը 1253 թվականին այցելել է Ոսկե Հորդայի այս մայրաքաղաքը:[6]
Ինչ վերաբերում է Կաֆային, դրա կառավարումը 13-րդ դարում անցավ Ջենովայի վաճառականներին, որից հետո քաղաքը զարգացավ ու դարձավ Արևելքի հետ Ջենովայի առևտրական կապերի կարևոր մի կենտրոն:[7] Կաֆայի և այնտեղ բնակվող հայերի մասին հայ մատենագրության մեջ առաջին անգամ խոսվում է 13-րդ դարի կեսերին, իսկ ըստ որոշ աղբյուրների, 14-րդ դարի կեսերին սա արդեն հայկական մեծ քաղաք էր, որի 70,000 բնակչության զգալի մասը հայեր էին և ունեին մատենագրական ծաղկուն դպրոց:[8] Քարտեզում Սարայի և Կաֆայի անվունների առկայության փաստը վկայում է, որ դա պետք է պատրաստված լինի ամենավաղը 1270-ական թվականներից հետո:
Այսպիսով, քարտեզում առկա վերոհիշյալ և այլ տեղանունների վրա հիմնվելով կարելի է եզրակացնել, որ սրա պարտրաստման ժամանակը կարող է լինել 13-րդ դարի վերջերը, թերևս մինչև 14-րդ դարի կեսերը:[9]
Իսկ քարտեզի պատրաստելու վայրը նույնպես հավանաբար Կաֆան է, քանի որ Կաֆայում հաստատված հայերը հնարավորություններ ունեին կապ պահելու Ջենովայի և այլ եվրոպական քարտեզագրական կենտրոնների հետ և այնտեղից ստանալ տեղեկություններ ժամանակին տարածված T-O տեսակի քարտեզների մասին: Կա նաև այն փաստը, որ քարտեզի մեջ նշված են Մետաքսի Ճանապարհի հյուսիսային ճյուղավորման վրա գտնվող կարևոր քաղաքների անունները, Խորեզմ, Սարայ, Ազախ և Կաֆա` որն այս ճանապահի վերջին նավահանգիստն էր:
Հետաքրքիրն այն է, որ ժամանակակից եվրոպական միջնադարյան քարտեզներից գրեթե բոլորի վրա նշված են Հայաստանը, Արարատները և Նոյյան տապանը, իսկ դիտարկվող քարտեզի հայազգի քարտեզագիրը որոշել է Արարատը, Հայաստանը և նրանց հարակից շրջաններն իր քարտեզի վրա ընդհանրապես չնշել: Այս երևույթը թերևս հնարավոր է բացատրել նաև այն իրականությամբ, որ քարտեզ պատրաստողն ապրելով Հայաստանից ու Կիլիկիայից հեռու գտնվող հայկական մի գաղթօջախում, ոչ մի անմիջական և անձնական կապ չի զգացել Հայաստանի և հարակից երկրների շրջանների և աշխարհագրության հետ, հետևաբար նրանցից ոչ մեկը չի նշել իր պատրաստած քարտեզի վրա:
Ամեն դեպքում, այս քարտեզը համաշխարհային քարտեզագրության մեջ ունի իր եզակի և շատ կարևոր տեղը, քանի որ սա լինելով հնագույն հայերեն քարտեզը ինչ որ կերպ նաև կապում է հայկական քարտեզը եվրոպական քարտեզագրական մշակույթին, լրացնելով նրանց պակասները:
Բացատրություններ
[1] Macrobius, Ambrosius Aurelius Theodosius. Commentary on the Dream of Scipio. Translated with an introduction and notes by William Harris Stahl. New York, 1952.
[2] Lewis, Suzanne – The Art of Matthew of Paris in the Chronica Majora – Scholar Press, Corpus Christi College, Cambridge, 1987, էջ. 302:
[3] Անդ, հատոր 5, էջ 340-341:
[4] Կարելի է վստահաբար ասել, որ սա Ոսկե Հորդայի Սարայ–Բաթու մայրաքաղաքն է, կառուցված 1240 թվականին կամ էլ դրան հաջորդող Սարայ–Բերքեն, որը կառուցվել է 1260-ականներին: Այս երկու քաղաքներն էլ գտնվում էին Աստրախանի շրջանում, Կասպից ծովից հյուսիս:
[5] Մ. Խաչատրյան, Երևան, 1976, Էջ 218-230:
[6] Hakluyt, Richard – The Principal Navigations, Voyages, Traffiques and Discoveries of the English Nation – James MacLehouse, Glasgow, 1903. հատոր 1. էջ 271-276:
[7] King – The Black Sea, A History – Oxford University Press, 2004, էջ 84,85,91,94:[8] Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան, հատոր 4. 1978, էջ 170:
[9] Հ. Հովհաննիսյան, Աշխարհի հայկական ձեռագիր քարտեզը, Երևան, 1954, էջ 81-93:
Հոդվածը տեղադրված է 2010 թ. լույս տեսած Մատենադարանում 2008 թվականի հոկտեմբերի 9-11 տեղի ունեցած գիտաժողովում ներկայացված նյութերի ժողավածուի մեջ, էջ 386-398: